ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Էս տարի էլի պեչատնի արաղ ենք խմելու»

«Էս տարի էլի պեչատնի արաղ ենք խմելու»
01.09.2009 | 00:00

ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ
Եթե ցանկացած վարորդի հարցնես, թե տասը կիլոմետր ճանապարհն ի՞նչ ժամանակահատվածում է հաղթահարում, կասի` 5 կամ 10 րոպեում: Սակայն դա նորմալ և բարեկարգ ճանապարհին է վերաբերում, իսկ ասենք, Թումանյանի տարածաշրջանի Օձուն գյուղից մինչև նույն շրջանի Արևածագ գյուղը հասնելու համար պահանջվում է 35-40 րոպե, թեև տարածությունն ընդամենը 10 կիլոմետր է: Այդ ճանապարհով երթևեկող վարորդին հաստատ կարելի է հարբածի տեղ դնել, քանի որ ավտոմեքենան «ութաձև» է գնում: Ինչպես նշեց Արևածագի բնակիչներից մեկը, ճանապարհի պատճառով իրենց գյուղ նույնիսկ բուժօգնության մեքենաները Ալավերդուց չեն գալիս, իսկ եթե փորձես հիվանդին հասցնել մոտակա հիվանդանոց, ապա ճանապարհի անհարմարությունից հիվանդն ավելի կվատանա:
Բացի ճանապարհից, արևածագցիներին այս տարի անհանգստություն է պատճառել օգոստոսի սկզբին տեղացած կարկուտը, որը մոտ 40-50 տոկոսով վնասել է ցանքատարածությունները: Ըստ գյուղացիների, մարդիկ կան, որ մինչև 1-1,5 մլն դրամի վնաս են կրել: Գյուղացիներից Էդիկ Գևորգյանը նշեց, որ ինքը վարկ էր վերցրել և ցորեն ու կարտոֆիլ ցանել, սակայն դժվար թե կարողանա ստացվելիք բերքի 30 տոկոսը ստանալ, իսկ վարկը պարտավոր է վերադարձնել: Չնայած այս տարի գյուղում բանկերի հատկացրած վարկերը շատ չեն եղել, սակայն վարկ վերցրած գյուղացիները դժգոհեցին, որ մեր բանկերն ինչքան կարողանում մարդկանցից գումար են կորզում, քանի որ վարկ են տրամադրում միայն այն պայմանով, որ հենց սկզբից մուծեն հասանելիք տոկոսադրույքները: Թեև կարկուտը գյուղին զգալի վնաս է հասցրել, սակայն, ինչպես նշեցին գյուղացիները, դեռևս ոչ մի հանձնաժողով մարզպետարանից կամ այլ կառույցից գյուղ չի եկել` գոնե հասցված վնասի չափը գնահատելու համար:
«Երևի ճանապարհն ա վատ, վախենում են իրենց ջիպերը մեր ճամփեքին խարաբ լինեն»,- ասաց գյուղացիներից մեկը:
Գյուղում, ըստ տեղացիների, ամեն տարի եղած հողերը 100 տոկոսով մշակվում են, ազատ հող չի մնում: Սակայն ստացված բերքի իրացման, նաև ճանապարհների հետ կապված խնդիրներ միշտ էլ ունենում են, քանի որ իրացման շուկան շատ փոքր է: Կիսավեր ճանապարհներով բերքը պետք է Ստեփանավան կամ Վանաձոր հասցնեն, որտեղ էլ ամբողջությամբ իրացնել հնարավոր չէ, ուստի «ջրի գնով» ստիպված վաճառում են գյուղ եկող վերավաճառողներին, որոնք, ի տարբերություն հարևան գյուղերի, վատ ճանապարհի պատճառով կարտոֆիլը, օրինակ, 15-20 դրամով էժան են գնում:
Չնայած տեղացած կարկուտին և հասցված վնասին, գյուղամիջում` գյուղացիների ամենօրյա հավաքատեղիում, փակցված էր բնակիչների հողի պարտքերի ցուցակը։ Պարզվեց` պարտք չունի գյուղի մոտ 320 տնտեսությունների միայն 10-15 տոկոսը: Մելիքսեթյան Արամն ասաց, որ միայն ինքն ունի մոտ 250 հազար հողի հարկի տույժ, չհաշված ունեցած ապառքը, որը գոյացել է այն պատճառով, որ դեռևս 2001-ին տեղացած կարկտի պատճառով հնարավորություն չէր ունեցել հարկերը ժամանակին մուծել։ Ընդհանուր առմամբ գյուղացիների հողահարկի պարտքը մոտ 42 մլն դրամ էր, որից 18 միլիոնը` միայն տույժերի տեսքով: Ըստ գյուղացիների` հողահարկի պարտք չունեն միայն թոշակառուները, որոնցից յուրաքանչյուր ամիս գումարը կանոնավոր գանձում են, մեկ էլ Ռուսաստանում ժամանակավոր աշխատանքի մեկնողները, որոնց թիվն անցյալ տարվա համեմատ այս տարի բավականին քիչ է:
«Գոնե կարկտի հասցրած վնասները չափեն և դրա համեմատ հողի հարկերը պակասեցնեն, թե չէ այս տարի էլ չենք կարող ժամանակին մուծել հարկերը, և պարտքը կկրկնապատկվի։ Դե, եկ ու դրա տակից դուրս արի»,- ասաց գյուղացիներից մեկը:
Իսկ այգիներին և տնամերձ հողամասերին կարկտի հասցրած վնասի մասին գյուղացիներն ավելորդ են համարում խոսել, քանի որ այն երբեք չի հաշվարկվել, չնայած, ինչպես նրանցից մեկն ասաց, «ստիպված էս տարի էլի պեչատնի արաղ ենք խմելու»:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3022

Մեկնաբանություններ